Թուրքիայում «Բայրաքթարներ» ստեղծելու համար ծախսել են մոտ 270 մլն դոլար: Այդքան գումար կազմում են մեր գիտությանը 10 տարվա ընթացքում հատկացված միջոցները։ Այս մասին «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Վերջինիս կարծիքով՝ գիտության զարգացման համար կարևոր են մի շարք խնդիրների լուծում տալը, այդ թվում՝ անհրաժեշտ ֆինանսավորման, համապատասխան կադրային ներուժի ապահովման հարցերը։
«Զարգացած գիտություն ունենալը պահանջում է հետևյալ կարևոր խնդիրների լուծումը. անհրաժեշտ ֆինանսավորում, համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և, վերջապես, գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ երկար տարիներ գիտությանը հատկացվող միջոցները կազմում են ՀՆԱ-ի 0, 25 տոկոսը:
Ըստ նրա՝ այս միջոցներով ոչ թե ֆինանսավորվել է գիտությունը, այլ այդ միջոցները տրամադրվել են՝ պահպանելու այն գիտական կազմակերպությունները, որոնք խորհրդային շրջանում զբաղվում էին գիտությամբ: