Վերջին 2,5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները: Այս մասին
հայտնել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Վերջինս նշում է, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանության մի քանի լուրջ բացթողումների հետևանքով մեր նկատմամբ ձևավորվեց այլ վերաբերմունք:
1. «2019թ. մայիսին վարչապետն այցելեց Չինաստան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ (այդ թվում «Ճանապարհ և գոտի»-ի մասով), սակայն իշխանությունների անհետևողականության և դիլետանտության պատճառով դրանք կյանքի չկոչվեցին: Չինական կողմը, բնականաբար, արեց հետևություններ:
2. 2019թ. Հայաստան այցելեց Թայվանի էկոնոմիկայի նախարարը: Այնինչ, մենք Չինաստանի հետ ստորագրված հռչակագիր ունենք, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվել է Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չհաստատել: Բնականաբար, եղան հերքում/պարզաբանում/, երդումներ, սակայն, չինական կողմում հետևություններն արդեն արված էին:
3. 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային ալյանսին: Մի շարժում, որն ընդգծված հակաչինական բնույթ ունի, և Թրամփի վարչակազմը դա չէր էլ թաքցնում: Հայկական կողմը փորձեց հիմնավորել «անհիմնավորելին»: Չբերվեց որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է այդ շարժմանը միանալը բխում ՀՀ շահերից: Չինական կողմն իր հետևություններն արեց:
Բա այսքանից հետո էլ դեռ զարմանո՞ւմ եք ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի դիրքորոշման վրա»,- գրել է միջազգայնագետը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հիմնախնդրի շուրջ փակ քննարկումներում Պեկինը սատարել է Մոսկվայի առաջարկները։ Այս հիպոթեզի լավագույն ապացույցն է նաև այն հանգամանքը, որ նոյեմբերի 12-ին Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վան Վենբինը նշել էր, որ Չինաստանը կշարունակի աշխատել Ռուսաստանի և միջազգային հանրության հետ, որպեսզի նպաստի հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Նա նաև ընդգծել էր, որ ռուս խաղաղապահների տեղակայումը բխում է Ադրբեջանի և Հայաստանի շահերից, որ նրանք քաղաքական երկխոսության միջոցով լուծեն Արցախի հիմնահարցը։