Արտագաղթը, տեղեկացնեմ՝ չափվում է թվերով, և ես հիմա մի քանի թիվ կհրապարակեմ։
Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլ»-ական պատգամավոր Հայկ Գևորգյանը։
«2008 թվականին արտագաղթը կազմել է 23 100, 2009 թվականին՝ 25 000, 2010-ին՝ 46 700, 2011-ին՝ 43 800, 2012-ին՝ 42 800, 2013-ին՝ 31 200, 2014-ին՝ 41 700, 2015-ին՝ 43 400, 2016-ին 26 900 մարդ։
Այսինքն՝ այն 10 տարիներին, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ և կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, Հայաստանից, ինչպես Դուք եք ասում, «փախել է» 372 800 մարդ»,- ասաց Հայկ Գևորգյանը՝ պատսխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին։
Հիշեցնենք, որ Զոհրաբյանը ելույթում ընդգծել էր, որ առաջարկվող օրակարգի փոխարեն ԱԺ-ը պետք է հատուկ պատվիրակություն ուղարկեր «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզելու, թե ինչո՞ւ են որոշ ավիաընկերություններ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսի գինը դարձրել 1050 ԱՄՆ դոլար։
«Բա դուք չե՞ք ուզում մեզ հետ գալ, հարցնել հայրենիքը լքող այդ մարդկանց, թե ինչու՞ են գնում»,- հարցրել էր պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցել է ավիաընկերությունների հետ և թռիչքի հետ կապված որոշ հարցեր կպարզեցվեն։
«Սա մեր ողբերգությունն է, որ մարդիկ տնով-տեղով լքում են հայրենիքը, և փոխանակ մենք հասկանանք, թե ինչպես անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք այստեղ ավելացնում ենք «վնգստացող դատավորների» թիվը, որովհետև պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի այն սանկցիաները, որոնք ուզում է երկրի գլխավոր ֆեյքը»,- ասել էր Զոհրաբյանը։