Կառավարությունը «ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծ ընդունեց։
Ներկայացվող նախագծի նպատակը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրումն է։
Առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որի հավելվածներով սահմանվում է աջակցություն տրամադրելու կարգը։
Միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա՝ դրանք համադրելով բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ։
Միանվագ և ամսական դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Միջոցառման իրականացումը պահանջում է շուրջ 35 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցված միջոցների հաշվին։