Մեզնից շատերի համար հաճելի են դարձել սպառողական (կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ գնելու, ճանապարհորդության համար և այլն) և հիփոթեքային վարկերը: Ընդհանուր ոգևորության ֆոնին դրանց աճը երկրում 2018-2020 թվականներին կազմել է 454 մլրդ դրամ: Այսինքն՝ բնակչության մի զգալի մասը, իր հերթին, վերջին ոչ լրիվ երեք տարիների ընթացքում լրացուցիչ պարտք է վերցրել մոտ 900 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին ասված է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Այլընտրանքային նախագծեր» խմբի
ներկայացրած հոդվածում։
«Ընդհանուր առմամբ՝ այդ երկու վարկային տեսակներով տրված գումարը 2020 թ․ դեկտեմբերի դրությամբ կազմում է 1 410 մլրդ(մեկ տրիլիոն չորս հարյուր տասը միլիարդ) ՀՀ դրամ, կամ՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար։ Արդեն պարզ է, որ այս վարկային պորտֆելը խնդիր է դառնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ բանկերի համար:
Փաստացի՝ առաջիկա տարիները շատ ընտանիքների համար դառնում են երկարաժամկետ ֆինանսական և պարտքային բեռի վտանգավոր աճի ժամանակաշրջան. յուրաքանչյուր ընտանիքի հաշվով պետական պարտք + նոր հարկեր, ինչպես նաև նոր գներ և սակագներ + սպառողական վարկերի պորտֆել։
Միևնույն ժամանակ, չկա տնտեսության և բնակչության եկամուտների իրական աճ (բացառությամբ՝ պաշտոնատար անձանց), առկա է առևտրի և ծառայությունների անկում, չկան նոր աշխատատեղեր ու իրական ներդրումներ տնտեսության մեջ, չկան հուսադրող հեռանկարներ»,- գրել է Գևորգյանը՝ հավելելով, որ Փաշինյանի գործողությունները տեղավորվում են ոչ թե այն տրամաբանության մեջ, թե ինչ անել՝ քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար, այլ այն, թե ինչ կարող են անել քաղաքացիները՝ Փաշինյանի թիմի ճակատագիրը հեշտացնելու համար: Իսկ ոչ իշխանականուժերին նա խորհուրդ է տալիս հասարակության հետ սկսել այս թեմաներով խոսել։ Երբ քաղաքացին հարթակից կլսի նաև իր սոցիալական խնդիրների մասին հարցադրումներ, քաղաքացու և հարթակի երկխոսությունը շատ ավելի արագ կկայանա։