Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում արձանագրված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ըստ նրա՝ սա նշանակում է, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պետք է ևս ապաշրջափակվի և գործի։
«Համահայկական ջանքերով կառուցված այս ավտոճանապարհը, ըստ էության, հիմա միակողմանի ծառայում է Ադրբեջանին։ Մեզ էլ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել նրան, որ այս ճանապարհը վերագործարկվի՝ դարձյալ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,- նկատեց նա։
Թագուհի Թովմասյանը նաև հայտնեց, որ կենսական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի չգործարկման հետևանքով Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ փակման վտանգի տակ են հայտնվել։
Պատգամավորը խոստացավ հետևողական լինել, որ հարցն օր առաջ դառնա բանակցությունների առարկա։