Մեր հիմնական նպատակն է անել հնարավորը, որպեսզի ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ մեր երկիրը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեսկալացիա, որը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության ամրապնդմանը։
«Արցախի ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով, և Թուրքիան Հայաստանի սահմանը փակ պահելու պատճառ չունի։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում»,- նշեց նախարարը։
Արա Այվազյանի խոսքով՝ Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգության առիթ են տալիս։
«Թուրքիայից տարբեր մեսիջներ ենք ստանում։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ- որ ուղերձնել հասցնել, բայց, հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, ուղերձներով, այլ նախևառաջ գործողություններով»,- նկատեց նախարարը։
Այվազյանը վստահ է, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: