«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին:
«Նախ ասեմ, որ ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 1990-ականների սկզբներին և, ավելի ստույգ, 1993-ի վերջերին, երբ ես մի քանի ամսվա ՊՆ նախարար էի: Երբ բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, նա, այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով, ուղղակի ցավ էր պատճառում մեզ՝ և ոչ միայն ինձ, այլև իմ մարտական ընկերներին»:
Հարցին՝ ամեն դեպքում, լայնորեն տարածված մի վարկած կա, որ ՀՀ գործող վարչապետը իր պրոյեկտն է՝ Սերժ Սարգսյանը նշեց.
«Այն, որ կապիտուլյանտն իմ նախագիծն է, ուղղակի զավեշտ է: Ես այդպիսի նախագիծ անգամ իմ թշնամուն չէի ցանկանա, ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պետք է խզբզեի՞: Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ: Նա այն ուժերի նախագիծն է, որոնց հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ: Միայն հակասություններ եմ ունեցել նրանց հետ: Մասնավորապես, իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից: Կապիտուլյանտին ընտրել է մեր ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ: Բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքն ինձ վրա բարդել»:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս ընթացքում չի հանդիպել, և հանդիպելու ցանկություն չի ունեցել նաև 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: