Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչպես և խոստացել էր, կրկին Ազատության հրապարակում է և զրուցում է քաղաքացիների ու լրագրողների հետ: Նա նախ զրուցեց քաղաքացիների հետ, ապա սկսեց պատասխանել լրագրողների հարցերին:
Մանուկյանը լրագրողներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձավ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ փետրվարի 20-ի հանրահավաքը տարբերվելու է նախորդներից: Ո՞րն է լինելու այդ տարբերությունը: Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն նշեց, որ այս անգամ ավելի շատ մարդ է լինելու:
Այնուհետև Մանուկյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասելով, թե իր համար ամենակարևոր հատվածը Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքի ներկայացումն էր: «Բաներ կային, որ ես էլ նոր իմացա: 1992-1993 թթ-ին, երբ մենք առաջ էինք շարժվում, դա անում էինք, որպեսզի հետագայում Արցախն անկախություն ստանա և ունենա ճանապարհային կապ Հայաստանի հետ: Սակայն, Ադրբեջանը չէր համաձայնում Արցախին անկախություն տալ: Հիմա ցավում եմ, որ մենք չկարողացանք հասնել դրան, և քարուքանդ եղավ ամբողջ բանակցային գործընթացը»,-նշեց Վազգեն Մանուկյանը:
Սակայն, նա համոզված է, որ իր իշխանության գալու պարագայում հնարավոր է վերականգնել բանակցությունները: Մանուկյանը նկատեց, որ Արցախի խնդիրը դեռևս լուծված չէ, այն առջևում է, և չպետք է ընկճվել:
Վազգեն Մանուկյանը համաձայն չէ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն տեսակետին, որ 2016 թ-ին ապրիլյան պատերազմը կանգնեցվեց Սերժ Սարգսյանի տված խոստումների արդյունքում:
Նա լրագրողների հետ զրույցում կրկնեց ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությունը, որ պատերազմը կանգնեցվեց, որովհետև Ադրբեջանը պարտվում էր ու խնդրել էր Ռուսաստանին՝ կանգնեցնել ռազմական գործողությունները:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ եթե ներկա իշխանությունն ունի փաստեր, որ Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել, թող ներկայացնի դրանք:
Ինչևէ, Վազգեն Մանուկյանը կարծում է, որ իշխանության դեմ սկսված պայքարը պետք է շարունակել, չպետք է ետ կանգնել, և մի օր անպայման արդյունքի կհասնեն: