Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Այս մասին Facebook- ի էջում
գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ըստ նրա՝ համայնքային ծառայողներն ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:
«Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե, իբր, շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:
Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը»,- գրել է նա և հորդորել է չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն: