Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում հայ դիվանագիտության ակունքներում կանգնած պետական այրերին: Այս մասին իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Հայկական պետականության կայացմանը զուգահեռ նորովի էր ձևավորվում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմնասյուներից մեկը հանդիսացող դիվանագիտական ծառայությունը:
Անցյալ տարի Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան լրջագույն փորձություն էր բոլորիս, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության համար: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնական ապարատում և արտերկրում ծառայող բոլոր դիվանագետներին պատերազմական դրության ընթացքում կատարած աշխատանքի և իրենց առջև դրված խնդիրները պատվով իրականացնելու համար։
2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո հասարակության ակնկալիքները դիվանագետներից էլ ավելի են մեծացել, ինչն առավել ընդգծում է մեր ծառայության դերը՝ Հայաստանի համալիր անվտանգության ապահովման, հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության գործում: Մեր առջև ծառացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ հավատարիմ մնալով հայ դիվանագետի բարձր կոչմանը:
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը և ինքնիշխանությունը»,- գրել է Այվազյանը: