Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հստակեցնելով, որ Գագիկ Ծառուկյանին վարչապետի հետ հանդիպման հրավեր է ուղարկվել։
Անդրադառնալով Փաշինյան- Մարուքյան հանդիպման մանրամասներին, Մակունցն առաջարկեց առայժմ ավելի առաջ չգնալ, սպասել երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը:
Այնուհետև, իշխանական խմբակցության ղեկավարի խոսքով, իրենք իրենց քայլերի մասին կհայտարարեն։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Իմ քայլ»-ի և ԼՀԿ-ի միջև կոալիցիա ձևավորվի, Մակունցն արձագանքեց, որ այս պահին ճիշտ չէ կոալիցիոն կառավարումից խոսել, քանի դեռ համաձայնություն չկա արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու շուրջ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ առաջիկա օրերին մտադիր է հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ։ Իսկ այսօր արդեն կայացել է Փաշինյան- Մարուքյան հանդիպումը։
ԼՀԿ ղեկավարը, սակայն, հայտնել է, որ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, լինելու է նաև բանակցությունների երկրորդ փուլ։
Հավելենք, որ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր Օնիկ Գասպարյանին չհեռացնել ԳՇ պետի պաշտոնից, ցրել խորհրդարանը և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: