«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից շատ քչերն են Արցախ ոտք դրել։ Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես որդու ծառայության երկու տարիների ընթացքում հաճախակի էր ընտանյոք հանդերձ ուղղաթիռով Արցախ մեկնում, ապա արդարանում, որ եթե ուղղաթիռը չշահագործվի, տեխնիկական խնդիրներ կառաջանան։ Իսկ վերջին ամիսներին Արցախ են մեկնել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որոնք պատերազմից հետո են նշանակվել։ Արցախ այցելել են նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ մեկ-երկու պատգամավոր, «Իմ քայլից»՝ Նազելի Բաղդասարյանը, որը զբաղվում է Շիրակի մարզի գերիների հարցով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները դեռ 44-օրյա պատերազմից առաջ փոխմարզպետների հաստիքը ավելացրին եւս մեկով։ Նոր հաստիքում նշանակված փոխմարզպետները պետք է համակարգեին աշխարհազորայինների աշխատանքը եւ նշանակվեցին հենց զինվորականներ։ Սակայն հիմա՝ պատերազմից հետո, այդ պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են պաշտոնից եւ կանգնում Գլխավոր շտաբի կողքին։ Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը, եւս 40 գեներալներ ու գնդապետներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում երեկ լարված ու սպասողական տրամադրություններ էին։ Պատգամավորները, մամուլից եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Մակունցից տեղեկանալով, որ արտահերթ ընտրությունների հարցով սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում, «շեֆից» լուրի էին սպասում՝ կստորագրի՞ Փաշինյանի առաջարկած հուշագիրը, թե՞ կշարունակի պայքարը ՀՓՇ-ի հետ՝ փողոցում։ Երեկ անգամ լուրեր տարածվեցին, որ պատգամավորներին Ծառուկյանը կանչել է հանդիպման եւ դրանից հետո է գնալու Փաշինյանի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չէր կայացել, պատգամավորներին էլ փոխանցել են, որ առաջիկա օրերին կհավաքվեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները մոտ ապագայում կլուծեն Սյունիքի մարզի մի քանի, այսպես կոչված, խռովարար համայնքապետերի հարցերը, որոնք հանդես են գալիս իբրև թե ընդդիմադիրներ, սակայն նրանց իրական նպատակը հարուցված քրեական գործերից բխող պատասխանատվությունից խուսափելն է: Մեր տեղեկություններով՝ այս շարքում առաջինը կլինի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությանը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ մարմինների համակարգից: Սա այն ծառայությունն է, որն ապահովում է վարչապետի եւ նրա ընտանիքի անվտանգությունը։ Պահպանության ծառայության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ «պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը եւ բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը» եւ այլն։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին եւ սեփական պահպանությունը որոշել է իր ենթակայության տակ վերցնել»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգեւատրում ՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգեւատրում 209.268.943 դրամի չափով: Ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգեւատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ հունվար ամսվա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ»: