Եկեք հանդարտվենք ու գնանք ընտրության: Այս իշխանությունը պարտվելու է այդ ընտրությունը: Այս մասին իր ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երկու օր է՝ խորը կամպանիա է սկսվել իմ, մեր թիմի ու ԼՀԿ-ի դեմ զուտ նրա համար, որ ելքեր ենք փնտրում այս իրավիճակից: Մեր մասին նյութեր եմ դրվում տելեգրամյան ալիքներում: Գրում են, թե Էդմոն Մարքույանը համաձայնության է գնացել այս իշխանության հետ: Բոլոր լուրերը սուտ են, ժողովրդից գողացած փողերով քարոզչություն է տարածվում: Սիրելի գող-ավազակներ՝ հանգիստ մնացեք, չափներդ ճանաչեք»,-շեշտեց Մարուքյանը:
Անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ նա ընդգծեց.
«Հանգել ենք մի իրավիճակի, երբ լուծում է պետք, և մենք առաջարկում ենք գնալ արտահերթ ընտրությունների: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհով իշխանափոխություն է լինելու: Կան ուժեր, որոնք մինչ օրս սպասում են, որ տանկերն ու զորքերը պետք է մտնեն քաղաք, գրավեն պետական շենքեր ու այդպես իշխանությունը ստանձնեն: Դա կոչվում է ռազմական հեղաշրջում, ինչը չեղավ ու չի էլ լինելու, բայց ԳՇ ու վարչապետի հակադրությունը շարունակվելու է: Միակ ճանապարհն ընտրություններով իշխանության փոխելն է, մնացած բոլոր ճանապարհները կա՛մ լեգիտիմ չեն լինելու, կա՛մ մարդիկ են զոհվելու, կա՛մ ոչինչ չի ստացվելու»:
Անդրադառնալով այն թեզին, ըստ որի՝ այս իշխանությունն ընտրությունների դեպքում կեղծելու է այն, Էդմոն Մարուքյանը նշեց.
«Կներեք, բայց Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են՝ բացի 2018-ից: Բայց Հայաստանում երբեք այսօրվա ընդդիմության նման այդքան հզոր ընդդիմություն չի եղել: Ու հիմա այդ ընդդիմությունն ասում է՝ ընտրությունները կկեղծվեն: Բա ինչի՞ համար ենք մենք: Ձեր հարյուրավոր, միլիոնավոր դոլարներն ինչի՞ համար են, որ նստել եք վրան ու ամեն օր տելեգրամյան ալիքներ եք քշում: Հանեք դրանք, վստահված անձինք դրեք տեղամասերում: Ի՞նչն են կեղծելու: Մի իշխանություն , որը ոչինչ չի կարողանում անել, որի աչքի առաջից ինքնաթիռ են գողանում ու տանում, ընտրությո՞ւն է կեղծելու: Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ պետք է կեղծել, որ կեղծվի, ի՞նչ եք խոսում: Ավելի լավ է անկեղծ ասեք՝ չենք ուզում ընտրություն»:
Նա նշեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք թեպետ հայտարարում են Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, բայց ոչ թե ուզում են Փաշինյանին փոխել, այլ հետը բան պայմանավորվել:
«Որ իմանաք՝ ինչեր են ուզում պայմանավորվել՝ մազերներդ բիզ-բիզ կկանգնի»,-հավելեց նա: