«Հայրենիքի փրկություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատկերացնում, որ եթե երկրում ընտրություններ լինեն վարչապետն ինչպես է հանդիպելու ընտրողների հետ:
«Օրինակ՝ ես չեմ պատկերացնում, համարենք երկրում ընտրություն է տեղի ունենալու ու Նիկոլ Փաշինյանը, կամ ավելի ճիշտ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինչպես պետք է գնա ինչ-որ գյուղում հանդիպման: Էդ տեսարանը մի հատ պատկերացրեք. դիմացից պետք է գնան 2000 հոգանոց ներքին զորքերը, դրանից հետո կարմիր և սև բերետավորները, այնուհետև անվտանգության աշխատողները՝ քաղաքացիական հագուստով, տվյալ գյուղի մշակույթի տան գլխին կանգնած են լինելու սնայպերները: Եվ մարզպետները, ոնց որ էս օրերին անում են, գտնեն մի քանի հոգի խմիչքի հետ սեր ունեցող մարդիկ, գան կանգնեն դեմը ու ասեն՝ փակեք Արմնյուզը, Թիվի 5-ը, գնդակահարեք էն 17-ին, կեցցե հանրապետության վարչապետը: էս ա լինելու տեսարանը»,- ներկայացրեց ընդդիմադիր գործիչը: