Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ի պատգամավոր, իմքայլական Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կմեկնաբանի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունն այն մասին, որ Գևորգ Կոստանյանի հետախուզումը Ինտերպոլը քաղաքական է համարել ու մերժել է այն, ասաց․
«Հրաշալի՜ է։ Ես կուզեի, որ Գևորգ Կոստանյանը օր առաջ վերադառնար հայրենիք և պատասխաներ նախաքննական մարմնի հարցերին։ Սասուն Խաչատրյանը բաց ձեռքերով կընդունի Գևորգ Կոստանյանին։ Առավել ևս, եթե դա քաղաքական է, ապա դրա քաղաքական մասը կառանձնացվի։ Գևորգ Կոստանյանն այն պաշտոնյան է եղել, որին հարցեր պետք է ուղղվեն հատկապես փամփուշտների փոխման մասին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 16-ին, պատգամավոր Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը Կոստանյանի հետախուզումը համարել է կանոնադրությանն անհամապատասխան՝ մեջբերելով կանոնադրության 3-րդ կետը։ Ստացվում է, որ կառույցը Կոստանյանի հետախուզումը համարում է քաղաքական։
Ըստ փաստաթղթի՝ դեռևս 2020-ի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդեպ` որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ։
Ըստ փաստաթղթի՝ մերժել են նաև մեր երկրի հետ համագործակցությունը այս դեպքի առնչությամբ, և Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել ՀՀ իրավապահներին` չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել Կոստանյանի հետախուզումը։