«Հայրենիքի փրկության շարժման» մոտ հավատ չի ներշնչում վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, նշելով, թե բոլոր հիմքերն ունեն կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ չեն լինի։
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ դրանք տեղի ունենան՝ դա կբավարարի շարժման պահանջների ընդամենը մի մասը:
«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում անցկացնելու պարագայում կա մեծ վտանգ, որ դրանք չեն լինելու մրցակցային հավասար պայմաններով։ Իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից դեպի նոր ճգնաժամ։ Ընտրությունները չեն լինելու հանրային մեծ պահանջ և կեղծվելու են», – ընդգծեց նա։
Սաղաթելյանը պնդմամբ՝ շարժումը շարունակելու է բողոքի ակցիաները, հնարավոր է մարտավարության փոփոխություններ լինեն:
«Խոսել ընտրության մասին, որը գոյություն չունի, անիմաստ ենք համարում»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։