Նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ, բացառությամբ՝ «Սասնա ծռերի»: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, այսօր արդեն կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նրա համոզմամբ՝ հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին է լինելու, քանի որ չի ընտրվելու:
Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում վերջին տարիներին սխալ տնտեսական քաղաքականություն է վարվել, ինչի հետևանքով ունեցել ենք տնտեսական անկումներ: Նա այլ խնդիրներ ևս առանձնացրեց:
«Ունեցանք մեր պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը` տանուլ տված պատերազմ: Ինձ թվում է՝ դրա արձագանքները դեռ երկար ժամանակ կտեսնենք, և ինձ թվում է՝ ճիշտ հետևություններ կանենք: Արտաքին քաղաքականությունը տապալված է, ինչի արդյունքում հրահրվեց այդ պատերազմը և ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Իշխանությունը նաև կորոնավիրուսի դեմ պայքարն է տանուլ տվել»,- նշեց նորաստեղծ կուսակցության հիմնադիրը:
Վահե Հակոբյանը փակագծեր բացեց, թե ինչու է կուսակցությունն այդպես անվանակոչել: «Իմ համոզմամբ՝ այսօր Հայաստանը կարիք ունի վերածնունդի, ընդ որում բոլոր ոլորտներում` բանակ, տնտեսություն, կրթություն: Մեր կարգախոսն է՝ «Անվտանգություն, արդարություն և աշխատանք: Պատահական չէ, որ անվտանգությունը դրել ենք առաջին տեղում, քանի որ առանց անվտանգության, հնարավոր չէ ոչինչ»,- ներկայացրեց նա:
Նկատենք, որ Սյունիքի նախկին մարզպետի կուսակցությանն անդամակցում են մարզի ներկայիս ՀՀԿ-ական համայնքապետերի մեծ մասը: