Իրավական որևէ կազուս չկա․ Օնիկ Գասպարյանն ազատված է Գլխավոր շտաբի պետի զբաղեցրած պաշտոնից, և Արտակ Դավթյանը նշանակված է այդ պաշտոնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ես խորհուրդ կտամ ուղղակի սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել՝ ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում կամ իրավունքի ուժով հետևող որևէ իրադարձություն, այդտեղ մեկնաբանությունը, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը վերանայել, կարծում եմ, որ տեղին չէ, և դրանք շահարկումների դաշտում են»,-ասաց նա։
Մեկնաբանելով վարչական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումը, Բադասյանը նշեց, որ դրանից ամենևին էլ չի բխում որևէ սահմանադրական պրոցես, և Օնիկ Գասպարյանը պաշտոնում վերականգնվել չի կարողանա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը՝ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու մասին, Բադասյանն ասաց․
«Վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է: Սահմանադրությունը նշում է, որ եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը առարկություններով նախագահի կողմից վերադարձվում է, վարչապետի կողմից այն չի ընդունվում, և եթե նախագահը չի դիմում ՍԴ և չի ստորագրում, ապա իրավունքի ուժով համապատասխան հրամանագիրը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ այսօր սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտել»։
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունից հայտնել են, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում։