ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ:
Նախարարը մատնանշեց, որ վերանայվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը եւ պաշտոններին ներկայացվող պահանջները:
Նրա խոսքով՝ աահմանվել է դրույթ, համաձայն որի՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործառույթներն իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով վերջիններիս գործունեության առանձնահատկությունները:
Ամբողջությամբ վերանայվել է նաև «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ քննչական ենթակայությանն առնչվող հատվածը:
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ելույթում անդրադարձավ նախորդ շաբաթ արտահերթ ռեժիմով քննարկված եւ ընդունված՝ ԲԴԽ-ին մի շարք լիազորություններով օժտելու նախագծին:
Նրա խոսքով՝ մտահոգություն կա, որ դատական համակարգն առաջիկայում կոլապսի է ենթարկվելու, որովհետեւ ինքնաբացարկների տարափը դատական նիստեր անցկացնելու հնարավորություն չի ընձեռելու: Պատգամավորը բարձրացրեց նաեւ ԲԴԽ-ում քննվող դատավորների գործերի հրապարակայնության հարցը:
Ռուստամ Բադասյանն էլ պարզաբանեց, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է իր դիտարկումները դեռեւս առաջին ընթերցման քննարկման ժամանակահատվածում, որոնք ամբողջությամբ տեղայնացվել են երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում:
Նախարարը վստահեցրեց, որ կոլապսի որեւէ հիմք չկա: