Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերի 18-ին իր հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է:
«Այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց, իհարկե, անելիքների ծավալը շատ մեծ է և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք»,-ասել է Փաշինյանը:
Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատանքների արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը՝ Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ, այսօր բնակվում են Արցախում և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է:
«Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար, շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը»,-նկատել է Արցախի նախագահը: