Հայկական կողմը Ռուսաստանի հետ աշխատում է Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների հարցի շուրջ: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանում առարկայական և ինտենսիվ քննարկումներ են ընթանում բանակում իրականացվող բարեփոխումների գաղափարների և հասկացությունների շուրջ, և արդեն իսկ կատարվել է բավականին մեծ ծավալի աշխատանք:
Գրիգորյանը նշեց, որ այլ գերատեսչություններ նույնպես օգնում են Պաշտպանության նախարարությանը, որպեսզի գերատեսչությունը կարողանա իրականացնել վերը նշված բարեփոխումները:
«Դուք գիտեք, որ մենք աշխատում ենք Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի նրանք նույնպես նպաստեն բարեփոխումների գործընթացին, և արդեն բավականին մեծ բովանդակային քննարկումներ են եղել: Ապրիլին մենք առաջ կընթանանք, և բովանդակային քննարկումները կմտնեն գործնական փուլ: Վստահ ենք, որ ինտենսիվ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի իրականացնել լայնածավալ բարեփոխումներ, որոնք հիմք կհանդիսանան մեր բանակի հզորացման համար»,- ասաց նա:
Խոսելով ճանապարհների ապաշրջափակումից ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ կարծում են, որ այն պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Երևանը պատկերացնում հարաբերությունները Թուրքիայի հետ, Արմեն Գրիգորյանը նշեց, որ պատերազմից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել տարածաշրջանում: «Մենք գտնում ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ ունենա ավելի լայն տարածաշրջանային մոտեցում»,- ասաց նա՝ նշելով, որ կան նման հնարավորություններ: Միաժամանակ Գրիգորյանն ասաց, որ ներկայում Թուրքիայի հետ ուղղակի երկխոսություն չկա:
«Եթե մենք պատրաստվում ենք ապաշրջափակել տարածաշրջանը, ապա մեր մոտեցումներում պետք է լինեն որոշակի հստակեցումներ, և մենք աշխատում ենք այս ուղղությամբ», – ասաց նա ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը համարում է Թուրքիային թշնամի պետություն:
Ըստ Գրիգորյանի, սխալ կլինի միանշանակ ասել, որ Թուրքիայից ոչ մի սպառնալիք չկա, բայց տարածաշրջանում ընթացող գործընթացները «այլ հնարավորություններ էլ են ընձեռում»: