Հնարավոր չէ, որ որևէ մեկը, մեկ կամ երկու կուսակցություն, երկիրն այս իրավիճակից միայնակ հանեն: Բոլորիս ներդրման անհրաժեշտությունը կա: Կարիք կա, որ բոլորս կարգապահ ձևով ամեն օր մեր աշխատանքով ներդրում ունենանք մեր տունը վերակառուցելու գործում: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։
«Եթե նույնիսկ գնում ենք ընտրությունների, որովհետև երեք խորհրդարանական կուսակցությունները որոշել են, հուսով եմ, որ ամբողջ ընթացքում, բուն ընտրություններին և դրանից հետո մենք բոլորս մեզ կպահենք քաղաքակիրթ ձևով»,- հույս է հայտնել նախագահը:
Նա համոզված է, որ այսօր ունենք ուրիշ իրավիճակ, երբ Ազգային ժողովի երեք քաղաքական ուժեր որոշել են ընտրություններ անցկացնել և հայտարարել են օր: Օրը, իհարկե, պետք է ինչ-որ գործընթացի արդյունքում հայտարարվի կամ կհայտարարվի, բայց, համենայն դեպս, ենթադրվում է, որ այդ օրը հունիսի երկրորդ կեսին է, ինչը շատ քիչ ժամանակ է թողնում այն ամենի համար, ինչի մասին մենք խոսեցինք:
«Ես շարունակելու եմ պնդել, որ, ի վերջո, եթե մենք համարում ենք, որ մեր Սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի, եթե համարում ենք, որ ընտրական օրենսգիրքը բարեփոխումների կարիք ունի, եթե ուզում ենք, որ ընտրություններից հետո նորից քաղաքական ուժերն իրար չմեղադրեն, ապա պետք է աշխատենք առավելագույնս մոտ լինել այն առաջարկությանը, որ ես արել եմ: Հակառակ դեպքում ընտրություններից հետո, գուցե մի սցենարով կամ մի հնարավորության դեպքում կունենանք կուսակցություն, որը կունենա մեծամասնություն, և այդ դեպքում մյուսները, հնարավոր է, բավարարված չլինեն»,- ասել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ հնարավոր է, որ այնպիսի Ազգային ժողով ունենանք, որ որևէ կուսակցություն չունենա մեծամասնություն, և Ազգային ժողովի ներսում ունենանք զանազան խնդիրներ, այսինքն՝ ոչ կայուն և ոչ հավասարակշիռ Ազգային ժողով: