Անկարան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակել է Թուրքիան դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը նկատել է, որ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Интерфакс»-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին: Ապրիլի 7-ին նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: