ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է զինվորական ծառայության մեջ որպես կամավորական ընդգրկված, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ գտնվող եւ պետական պաշտոն ու պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձը պահպանել մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատելու դեպքում առաջարկվում է չկիրառել օրենքով նախատեսված՝ հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ աշխատավարձի իջեցման դրույթները:
Օրենքի ընդունումից հետո ՊԵԿ քննիչներին հավելավճար կտրվի ոչ թե ըստ կոչման, այլ ըստ դասային աստիճանի:
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը: