Այսօր ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի հաշվետվությունը ներկայացնելուց հետո ընթացող հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի լկտի պահվածքին և հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից են գալիս Ալիևի այդ ցինիկ հայտարարությունները նույնիսկ Երևանի, Զանգեզուրի ու այլնի մասին։ Ալիևի լկտի պահվածքի վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ հիշեցնելով Իգնատ Մամյանի քառատողը, որը գրվել է 1990-ական թվականներին՝ Ղարաբաղյան հակամարտության առիթով ադրբեջանցի մի գրողի բանաստեղծությանն ի պատասխան։ Այն է․
Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այսպես խղճում են մարդիկ խելացի,
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին։