Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը բացման խոսքով է հանդես եկել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին:
«Հայաստանը ստանձնում է Ֆորումի նախագահությունն այսօր, երբ մի շարք գործոնների պատճառով ԵԱՀԿ տարածքում անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունն առավել քան երբևէ վտանգված են՝ ելնելով մի քանի հանգամանքներից:
Առաջին, Եվրոպայի անվտանգության քարտեզը մշտապես ընդգրկել է ավելի լայն աշխարհագրություն, քան ինքնին Եվրոպան, և այս տրամաբանությունն է ներդրված ԵԱՀԿ-ում, որը ձգվում է Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Եվրոպական անվտանգության աշխարհագրական սահմանները հաստատելուց 46 տարի անց մենք պետք է ընդունենք, որ դրա ներկայիս քարտեզը ոչ ամբողջությամբ է արտացոլում ներկա իրողությունները:
Եվրոպական անվտանգության անբաժանելությունը պահպանելու անկարողությունն արտացոլվել է նաև դրա քարտեզագրման մեջ: ԵԱՀԿ տարածքը կարծես մասնատված է եվրոպական անվտանգության կենտրոնի և ծայրամասի: Այս երևույթն ակներև է ԵԱՀԿ տարածքում տարաբնույթ հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ ուշադրության մեջ:
Երկրորդ, անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ մեխանիզմները կասկածի տակ են դրվել սպառազինությունների վերահսկման էական ռեժիմների և վստահության ու անվտանգության ամրապնդման մեխանիզմների շուրջ աճող տարաձայնությունների պատճառով։
Երրորդ, բազմակողմանիության գլոբալ անկումն ու քայքայումը, որը չի շրջանցել նաև ԵԱՀԿ-ն, այստեղ արտացոլվում է վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի կիրառման հստակ բացթողումներով:
Եվ վերջինը, բայց ոչ նվազ կարևորը` Եվրոպայում անվտանգության և համագործակցության գաղափարը՝ լինի դա խորհրդաժողովի, թե կազմակերպության շրջանակներում, եղել է և շարունակում է մնալ պատերազմի և ուժի կիրառման անընդունելիությունը:
Հելսինկյան եզրափակիչ ակտը բացահայտեց մասնակից պետությունների՝ պատերազմի ռիսկերը նվազեցնելու նպատակով համագործակցելու և ներառական երկխոսության մեջ ներգրավվելու վճռականությունը, այդ թվում` վեճերի խաղաղ լուծման համար փոխհամաձայնեցված լուծումներ փնտրելու եղանակով, նույնիսկ լուծման հասնելու ձախողման պարագայում:
Դա 46 տարի առաջ էր: Անցյալ տարի Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը տևեց 44 օր և Արցախում հանգեցրեց հազարավոր զոհերի, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, տասնյակ հազարավոր տեղահանվածների:
Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր:
ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության միջավայրը պահանջում է համատեղ ջանքեր, հանձնառություն և քաղաքական կամք` պահպանելու ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգը: Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով: Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո»,- մասնավորապես ասել է Այվազյանը։
Նրա խոսքով՝ պետք է կանգ առնենք և վերագնահատենք համապարփակ և համագործակցային անվտանգության հիմքը, որի վրա կառուցված են սպառազինությունների վերահսկման բոլոր ռեժիմները: Առանց բոլոր մասնակից պետությունների` ուժի չկիրառմանն ունեցած հստակ հանձնառությունների և ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը կանխելու հավաքական ջանքերի՝ իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող մեխանիզմների արդյունավետությունը կայուն չի լինի:
Անվտանգության նորահայտ սպառնալիքները պահանջում են ջանքերի համակարգում և համագործակցություն համապատասխան կազմակերպությունների միջև: