Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի արտահոսքի հետ կապված սկանդալի ֆոնին հայտարարել է, որ ԱԳՆ-ն չի որոշում երկրի արտաքին քաղաքականությունը, այլ միայն կատարում է բարձրագույն ղեկավարության կողմից նախանշված արտաքին քաղաքական ուղեգիծը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի հետ մարտին կայացած Զարիֆի զրույցի ձայնագրության հատվածով: Այդ երկխոսության ընթացքում իրանցի նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ Թեհրանի արտաքին քաղաքական կուրսում և Մոսկվայի հետ բանակցություններում մեծ դեր է խաղացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանին, որը մեկ տարի առաջ զոհվել էր Իրաքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով:
«Աշխարհում ոչ մի տեղ արտաքին գործերի նախարարությունը չի տալիս արտաքին քաղաքական ուղեգիծը, որին կհետևի երկիրը։ Սակայն կա բարձրագույն ղեկավարություն, որը որոշում է արտաքին քաղաքականությունը, իսկ ԱԳՆ-ն միայն կատարող է»,- ասել է Խամենեին, որի ուղերձը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը։
Ըստ նրա՝ հենց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր դերն այն է, որ Իրանը կարող է վարել արևմտյան երկրներից անկախ արտաքին քաղաքականություն։
Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և գեներալ Սուլեյմանիի վերաբերյալ որոշ պաշտոնյաների հայտարարություններ «ապշեցնում և վշտացնում են»։