Նախորդ տարի աշնանը տեղի ունեցածը միջազգային հանցագործություն է, բախվել ենք խաղաղության դեմ ուղղված ագրեսիվ հանցագործության հետ։ Այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:
«Պատերազմն ընդամենը շղարշ էր, որպեսզի ցեղասպան քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվի, և այն, ինչ տեսնում ենք դրանից հետո, ինչ տեսնում ենք Շուշիում, այդ խայտառակ պուրակում, ակնհայտ է դառնում, որ այդ պետությունը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ ոչնչացնել հայկական ինքնությունը աշխարհի երեսից՝ Թուրքիայի հետ համագործակցաբար»,- ասաց Վարդանյանը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր որևիցե էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ։
«Ադրբեջանը Սյունիքում իրավիճակը լարելու փորձ է կատարում՝ հնարավորինս ընդգծելու՝ գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու։ Մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ զգա ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս»,- տեսակետ հայտնեց Վարդանյանը։
Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանի կողմից ցանկացած մանիպուլյացիոն գործողություն պետք է հստակ դատապարտվի։