«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմից հետո ՄԻՊ-ը Հայաստանում դարձել է միակ աշխատող կառույցը, եւ Թաթոյանի արածը նկատելի է՝ իշխանությունների անգործության ֆոնին, եւ նրա հեղինակությունը խիստ բարձրացել է։ Իշխանականները սա ծանր են տանում եւ հրապարակավ քննադատում են Թաթոյանին։
Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատանքային ոճը: Երկուսն էլ դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր, ավելին՝ ամեն ինչից անտեղյակ:
Բանն այն է, որ մինչեւ այս Մակունցն ու Սիմիդյանն էին խմբակցության հետ կապված ցանկացած հարցի լուծում տալիս՝ անմիջապես կապ հաստատելով Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Լիլիթ Մակունցը լռակյաց է. եթե չկան խորհրդարանական նիստեր, ապա նրան գտնելը, կապ հաստատելը նրա հետ գրեթե անհնարին բան է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։
Սակայն նրանք քննարկումների մեջ են եղել դեռ, երբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը գաղտնալսել է կամ իր ագենտներն է ունեցել թիմի ներսում, և, իմանալով այս մասին, որոշել են յուրացնել կամ փչացնել քոչարյանականների իդեան»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրաման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը:
Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոստիկանների մոտ լուրջ դժգոհության տե¬ղիք են տվել, որովհետև մարզի ժողովուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւ հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաեւ, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից»։