Գերիների խնդրով աշխատանքները մեր ամենօրյա աշխատանքի լրջագույնս մասն է համարվում։ Մեր ռուս գործընկերը՝ ՌԴ դատախազը ևս ներգրավված է գործընթացի մեջ, և այդ խողովակն օգտագործելով, մեզ հնարավորություն է ընձեռվում ցուցակների ճշգրտումներ իրականացնել, նրանց խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև ՌԴ դատախազի հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ այդ ամենին պետք է հետևեն իրավական գործընթացներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե գերիներին վերադարձնելու ուղղությամբ համագործակցո՞ւմ է արդյոք նա ռուս գործընկերոջ հետ։
Հարցին, թե հայկական կողմը ադրբեջանցի քանի զինվորականի կամ պաշտոնյայի նկատմամբ է հետախուզում հայտարարել, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այո, ունենք բազում հետապնդումներ, բայց հուսով եմ՝ հասկանում եք, որ դրա մասին հրապարակային խոսելն արդարացված չէ»:
Նրան կրկին հարցեր ուղղվեցին որպես գլխավոր դատախազ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարած աշխատանքի մասին։ Դավթյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրականացված աշխատանքի արդյունքում, օրինակ, միայն 2020թ-ին պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 14 միլիարդ դրամ։
Իսկ այն դիտարկմանը, թե ժամանակին ինքն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը համագործակցում էին կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ հիմա Վանեցյանը նախկիների հետ մասնակցում է ընտրություններին, Արթուր Դավթյանն արձագանքեց․
«Բարի ճանապարհ եմ մաղթում երբեմնի իմ գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին։ Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում եղել եմ միայն մասնագիտական գործունեության դաշտում: Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսեւորումները տարբեր մոտիվներով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն: Մնացածի հետ ես գործ չունեմ»,-ասաց նա: