Մենք մեր ժողովրդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած, պետության կառուցման գործում հաջողած հավաքականությամբ:
Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված հավքին ժամանակ ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք շարունակում ենք մեր պայքարն ընդդեմ ստի, ամբոխավարության ու ապաշնորհության: Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ ու պարտություն, ուստի մենք վերահաստատում ենք ուղիղ վեց ամիս առաջ սկսված մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը: Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի, մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն Հայաստանի: մենք չենք հաշտվելու պարտության հետ: Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն և ներազգային համերաշխություն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա շեշտեց, որ գալիս են միավորելու բոլորին: