Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցեն նախկին իշխանության ներկայացուցիչները, դա անուղղակի աջակցություն կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
«Ես ասել եմ, որ, եթե նախկին իշխանություններն օրակարգ ունեն երկրում իշխանափոխության, ուրեմն պետք է դուրս գան գործընթացից: Որովհետև հեղափոխությունը նոր է եղել ու, եթե ժողովուրդը տեսնի իրենց ակտիվ մասնակցությունը, այդ իմաստով աջակցելու են Նիկոլ Փաշինյանին: Դա նաև կարող եք տեսնել հարցումների արդյունքներով»,- ասաց Մարուքյանը:
Նա նաև բողոքեց, որ ընդդիմադիրները, որոնք հանդիսանում են մեդիադաշտի հիմնական հատվածի տերերը, փակել են ԼՀԿ-ի դեմ դռները, իրենց եթեր չեն տրամադրում։ Մարուքյանն ասաց․
«Եթե դեռ այսօր իշխանություն չեն ու մեզ եթեր չեն տրամադրում, բա որ իշխանությա՞ն գան՝ ինչ կլինի»։
Մարուքյանի այս հայտարարությունից հետո ճեպազրույցին ներկա լրագրողներից մի քանիսը նրան խոստացան եթեր տրամադել, ավելին՝ հրավիրեցին հարցազրույցի։
Հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու մասին հայտարարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքով՝ ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ դաշինքով: