«Իրավունք» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին, այսպես ասած, հերանց էր գնացել: Այո, նա էլի գործուղվել էր ԱՄՆ` ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ: Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, անգամ հարազատ ԱՄՆ-ում Սինանյանի օրերը հարթ չեն անցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ մերժել են հանդիպել նրա հետ: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, թե Սփյուռքի կողմից հանգանակված եւ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները «լափած» իշխանության ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի հարաբերվելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում FM 88.8 ՄՀց հաճախականության վրա այս օրերին թուրքերենով հաղորդումներ ու երգեր են միանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչպես է դա հնարավոր. նախկինում հայերեն հաղորդումներ ու երգեր էին, հիմա՝ թուրքերեն: Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են. «Տվյալ ռադիոալիքի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է այն հեռարձակող հաղորդիչների հզորությամբ ու ռելիեֆով, եւ նույն կերպով Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ թուրքական քաղաքներում հասանելի են հայկական ռադիոալիքները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «չընտրության» երկրորդ արարը երեկ դարձյալ վերածեց նախընտրական շոուի։ Այս անգամ էլ որոշ պատգամավորներ, հատկապես՝ «անկախ» պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը, նրան փիառվելու հնարավորություն տվեցին։ Բայց Փաշինյանի հերթական «բոցն» այն էր, որ՝ «եթե մենք ուզենանք էլ ընտրությունների արդյունքը կեղծել, դա չենք կարողանա»։ Փաստորեն, շատ կցանկանային, բայց քանի որ չեն կարողանալու, չեն ուզում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրության ուշադրությունից, և հենց դրանով պայմանավորված՝ այնտեղ ուշի ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում բավականին լավատեսությամբ են տրամադրված Հայաստանում նախատեսված արտահերթ ընտրություններին՝ համարելով, որ դրանով կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։ «Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ եւ կատարել իր լիազորությունները, հետեւաբար նաեւ՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,- փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի հեռանալու»։