Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ չընտրվելուց հետո ԱԺ-ն օրենքի ուժով ցրվեց, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց 2021 թվականի հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր։
Պարզելու համար, թե ինչ ժամանակացույցով են ընթանալու արտահերթ ընտրությունները, որ երկրներից ու միջազգային կառուցներից են հրավիրվելու դիտորդներ, Armenia Today-ը կապ հաստատեց ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հռիփսիմե Հարությունյանի հետ։
Վերջինս ասաց, որ այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 15։00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի, որի ժամանակ էլ կհստակեցվեն բոլոր հարցերը։
«Ընտրություններ անցկացնելու պաշտոնական հրամանագիրը միայն երեկ է եղել, այսօր նախատեսված նիստին կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ դիտորդների հավատարմագրման ժամկետները՝ բոլոր միջոցառումների ժամանակացույցը, որը հաստատելուց հետո կսկսվեն գործընթացները»,- ասաց Հարությունյանը։
Ինչպես նշեց կառույցի մամուլի պատասխանատուն՝ նիստը լինելու է բաց, հասանելի է լինելու նաև առցանց։ Իսկ հաստատված ժամանակացույցը կհրապարակվի ԿԸՀ կայքում՝ նիստի ավարտից հետո։
Օրակարգում ներառված է 15 հարց․ մեկը ժամանակացույցի հաստատումն է, մյուս հարցերը ԿԸՀ նախկին որոշումների մեջ կատարվող որոշ փոփոխությոուններն են։