Ռուսական պատվիրակությունը Բաքվի բանակցություններում ցանկանում է կոնկրետ քայլեր ուրվագծել Ղարաբաղի տարածքում ծագող հարցերի լուծման ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք միտված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունների ամբողջական և բարեխիղճ կատարմանը»,-Լավրովի խոսքերը փոխանցում է TACC-ը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ շատ մանրամասն քննարկել ենք ընթացիկ խնդիրները։ Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան լուծել ծագող հարցերը։ Բնականաբար, իրավիճակը բարդ է, և այն երկար տարիներ չի լուծվել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ երկրների միջև շատ հարցեր կան, բայց խնդիրներ՝ ոչ։
«Այդ հարցերը շատ են, որովհետև հարաբերությունները բազմաշերտ են։ Դրանք օրեցօր ընդգրկում են մարդկային գործունեության բոլոր հնարավոր ոլորտները՝ սկսած քաղաքական երկխոսությունից, առևտրից, տնտեսությունից, ներդրումներից, հումանիտար կապերից, կրթական, մշակութային շփումներից, վերջացրած, իհարկե, միջազգային քաղաքականությամբ»,-ասել է Լավրովը։
Բայրամովը հաստատել է, որ կողմերի մոտ բավականաչափ մեծ քանակությամբ հարցեր են կուտակվել՝ հաշվի առնելով լայն օրակարգը, միջազգային հարթակներում փոխգործակցությունը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Բաքու։ Մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը Երևանում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: