Օրվա սկզբին Newspress լրատվական կայքի միջոցով Սյունիքի սահմանների մասին լուր տարածվեց, որը ձնագնդի նման մեծացավ ու սկսեց տարածվել, գրվել նաև այլ լրատվական կառույցների կողմից՝ նոր ձևակերպումներով՝ նաև քաղաքական գործընթացներում ներգրավված անհատների կողմից, օրինակ՝ Վահե Հակոբյանի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլ»-ի անդամ Անդրանիկ Քոչարյանը։
«Մի՛ մոռացեք, որ այսօրվա մեր ամենակարևոր խնդիրը հրադադարի ռեժիմը պահելն է, որպեսզի կարողանանք մեր կորուստները վերականգնել, և մտածենք հեռանկարի մասին, նաև՝ ԶՈւ-ի կարիքների ավելացման և ռեֆորմների մասին»,- ասաց Քոչարյանը։
Նա ասաց, որ ադրբեջանցիները 1974 թվականի ինչ-որ քարտեզ են վերցրել, եկել կանգնել են բարձունքի վրա և ասում են, որ դա իրենցն է։ Նրա կարծիքով՝ եթե ՊՆ-ն հանդես չգար հայտարարությամբ, ապա հաջորդ գրառումը կլիներ արդեն զոհերի մասին։
Պատգամավորն ասաց, որ Զանգեզուրը դարձել է քաղաքական շահարկման թեմա, ճոճանակ։ Իսկ Զանգեզուրը չի կարող լինել ճոճանակ։
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը կամաց-կամաց իրերի հաջորդականությունը տանում է այն կողմ, որ այս հրադադարի ռեժիմի մեջ Ռուսաստանն այնքան էլ ցանկալի կողմ չէ»,- ասաց Քոչարյանը։
Գուցե պետական մակարդակով չի խոսվում դրա մասին, սակայն այդպիսի խոսակցություններ եղել են։