Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն սադրիչ գործողություն է իրականացրել, հատել է ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում։ Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա։ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, կա նաև հայ զինվորների մեծաթիվ ներկայություն։ Այս մասին կառավարության մայիսի 13-ի նիստին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախումներ չկան, կատարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, քանի որ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որոնցով ուզում են հիմնավորել, թե գտնվում են Ադրբեջանի սահմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ քարտեզները կեղծված են, իսկ թե ինչպես է հաջողվել ադրբեջանցիներին հատել ՀՀ սահմանն ու առաջ գալ, դա առանձին քննարկման խնդիր է։
«Մենք պետք է այս իրավիճակին շատ լուրջ վերաբերվենք, քանի որ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կարող է տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը։
Մեր խնդիրն, ըստ վարչապետի ԺՊ-ի, այն է, որ ՀՀ պետական սահմանը մնա անձեռնմխելի, իսկ ադրբեջանական ԶՈւ-ն վերադառնա այն դիրքեր, որտեղից սկսել է առաջախաղացումը։
Տեղում ընթանում է աշխատանք, Կառավարության նիստից հետո կլինի ԱԽ նիստ, ավելի մանրամասն կքննարկվի, կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու ուղղությամբ։