Գերիների վերադարձը ժամանակի հարց է: Մայիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ չնշելով վերադարձի ժամկետը։
Ըստ նրա՝ գերիների խնդիրը Հայաստանի իշխանությունների համար ամենացավոտ խնդիրն է: «Ադրբեջանի ղեկավարությունը շահարկում է այս խնդիրը՝ ցավ պատճառելով մեր ժողովրդին: Նրանք վրեժ են լուծում մեզնից: Բայց մեր գերիները կվերադառնան, դա ժամանակի խնդիր է»,- ասաց նա:
Խոսելով ընտրական գործընթացների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ազդել գալիք ընտրությունների արդյունքների վրա՝ խաղալով ՀՀ քաղաքացիների զգացմունքների վրա:
«Բաքվի ղեկավարությունը սեղանի վրա ունի «մի թղթի կտոր», որի վրա գրված է, որ Հայաստանում որ ուժը պետք է որքան ձայն հավաքի»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը՝ առանց հստակեցնելու, թե որտեղից է ստացել այս տեղեկատվությունը: