ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով աշխատանքային խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի կապակցությամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք անհանգստացած ենք Գեղարքունիքի մարզի հայկական տարածքում ադրբեջանական ուժերի գործողություններով, որոնք հանգեցրել են հայ զինծառայողի մահվան և ևս վեց զինծառայողի գերավարման: Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտը պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար։ Մենք շարունակելու ենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորենք, որ ԱՄՆ-ն օգտագործում է բոլոր առկա դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի վերջ դնի այդ վայրագություններին»:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Զինված ուժերի 6 պայմանագրային զինծառայողներ շրջափակվել և գերի են վերցվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գոտում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս:
Հայաստանի անվտանգության խորհրդի մայիսի 27-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրավիճակի կարգավորման հետևյալ ծրագիրը. հայկական և ադրբեջանական զինված ուժերը վերադառնում են ելման դիրքեր, տեղում տեղակայված են դիտորդներ ՌԴ-ից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներից, որից հետո միջազգային հանրության հովանու ներքո իրականացվում է սահմանազատման և սահմանագծման գործընթաց: