Ազգային ժողովում ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը անդրադարձել է Մասիսի աղբավայրի հրդեհին ու այն տեղեկություններին, թե ԱԻՆ-ը հայտարարել է, որ չի գնա ու չի մարի այն։
«Նման բան չկա։ Նշված տեղեկությունը ճշտելու համար փրկարար ծառայության տնօրենի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Կարծում եմ՝ այդ քննության արդյունքում գալու ենք նույն եզրահանգմանը, որ նման բան չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ երեկվա դրությամբ հրդեհն արդեն մարված է։
Նրա տեղեկացմամբ, հրդեհի առաջին օրվանից խնդիրներ են ունեցել և դժվարություն է եղել աղբավայրի հրդեհի վայրին մոտենալու առումով։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ապաստարանների խնդրին, որոնք ավելի ակնհայտ դարձան պատերազմի օրերին։
Հարցին՝ իրեն այս իշխանության քաղաքական թիմի անդամ համարու՞մ է՝ Անդրանիկ Փիլոյանը նշեց․«Քաղաքականությամբ չեմ զբաղվում, կուսակցական չեմ, ես, որպես քաղաքացի, կորոշեմ՝ ում տալ իմ ձայնը»։
Նա խոսել է նաև իրեն ուղղված մեղադրանքերի մասին՝ պատերազմին առնչվող հարցերի վերաբերյալ․ «Մանախ» անունով կոչված մեկն ինձ ասում է՝ տարածքներ եմ տվել, և այլն։ Իմ անձի վերաբերյալ արվում են հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ոչ միայն ինձ, այլև բոլորին են թիրախավորում»։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Տեղում հրդեհաշիջում են իրականացրել նաև աղբավայրի 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար։