«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ուզում է հասնել նրան, որ առաջիկա ընտրություններում որևէ ուժ չստանա 51 տոկոս ձայն։ Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա կարծիքով խորհրդարան պետք է անցնեն միայն համերաշխություն բերող ուժեր։
Էդմոն Մարուքյանի համոզմամբ Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու իր ակնկալած 60 տոկոս ձայնը։
«Կարևոր է, որ պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Իսկ եթե մի ուժը 51 տոկոս ձայն է ստանում, այդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր հակառակորդներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Այդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց երկրին։ Պատկերացնո՞ւմ եք այն խորհրդարանը, որ մի կողմից գոռում են՝ «հողատու», մյուսից՝ «դավաճան»։ Այդպիսի խորհրդարան ենք ուզո՞ւմ»,- նկատեց նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ակնկալում են ընտրողների 60 տոկոս քվե։