«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ահազանգեց այն մասին, որ իշխանությունը, զգալով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում ԱԱԾ-ի, Ոստիկանության ու Դատախազության միջոցով՝ փորձելով ազդել ընտրությունների արդյունքի վրա։
Այսպես, Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններում ԱԱԾ աշխատակիցները առանց որևէ հիմքի բերման ու խուզարկության են ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբների պետերին՝ այդ ապօրինի գործողություններով նպատակ ունենալով ազդել դաշինքի նախընտրական թիմի վրա, զրկել շտաբի պետերին համապատասխան քարոզչական աշխատանքներից և գալիք երկու օրվա ընթացքում խափանել, խաթարել շտաբների նորմալ գործունեությունը։
«Այս ամենն ուղղված է վախի մթնոլորտ սերմանելուն և դաշինքի գործունեությունը խաթարելուն»,- հավելեց նա։
Աշոտյանը նաև հայտնեց, որ ահազանգեր կան նաև Դատախազության վերաբերյալ։
«Դատախազությունն իջեցրել է հրահանգ իր բոլոր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցների տնօրեններ։ Նրանց հետ նույնպես տարվում է հետևյալ սպառնալիքներով լի զրույցը, որ՝ եթե քեզ խելոք չպահես, եթե Պատիվ ունեմ դաշինքի համար ես աշխատում, ապա գիտես՝ քո վրա քրեական գործ սարքելը մեզ համար 5 րոպեի հարց է»,- նշեց Աշոտյանը։