Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ քվեաթերթիկների վրայի տպագրական խնդիրները չեն կարող անվավեր դարձնել քվեաթերթիկները։
Այս մասին Տիգրան Մուկուչյանն ասել է «Հետք»-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների այն պնդումներին, թե «24» համարի քվեաթերթիկների վրա տպագրական նշումներ կան, որոնք հետագայում կարող են անվավեր դարձնել դրանք։
ԿԸՀ նախագահը, խոսելով մինչ ժամը 15:00-ը ստացված ընտրախախտումների վերաբերյալ տվյալների մասին, նշել է, որ դրանք զանգվածային բնույթ չեն կրում։
«Գործ ունենք եզակի թվով ահազանգերի հետ տարբեր տեղամասերի հետ կապված, ինչպես նշեցի, բայց ինչ-որ զանգվածային, ասենք` ինչ-որ խախտումներ են տեղի ունեցել, այս պահի դրությամբ նման բան արձանգրված չունենք»,– ասել է Տիգրան Մուկուչյանը։