Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի համար կայուն, ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու գաղափարին։
Այս մասին ասվում է Եվրոպական Միության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ, որը տեղադրված է Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում։
Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ում սերտ համագործակցություն են ակնկալում Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել իրենց ջանքերը՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն արդյունավետորեն հաղթահարելու համար։ Եվրոպական Միությունը պատրաստ է հետագայում ևս ամրապնդել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, օժանդակել բարեփոխումների ծրագրերի իրականացմանը՝ ԵՄ- ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված համատեղ պարտավորությունների հիման վրա», – ասվում է Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ տվյալներով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս, «Պատիվ ունեմ»-ը՝ 5,23 տոկոս։