ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր իր ասուլիսի ժամանակ մանրամասներ է հայտնել Ստրասբուրգում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամադ Սեյիդովի հետ ունեցած իր զրույցի մասին։
Նրա խոսքերով՝ մոտ 40 րոպե է տևել զրույցը։ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է զրույցի մանրամասները՝ մեջբերելով Սամադ Սեյիդովի խոսքերը։
«Նա փոխանցեց, որ եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիր, այսինքն՝ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ, բնականաբար, ներառվելու է Արցախի 75 տոկոսը, իրենք, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ են քննարկել մեր տղաների վերադարձը։ Նրա փոխանցմամբ՝ մինչ այդ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք ռազմագերիների մասին պիտի մոռանանք։ Սա է ինձ փոխանցել Ադրբեջանի խիստ բարձրաստիճան պաշտոնյան»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ մենք մեր զենքերը վայր չպետք է դնենք։
«Ադրբեջանը չի հասկանում հորդորի լեզուն։ Թքած ունի բանաձևերի ու կոչերի վրա։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն»,- ասել է նա։