ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կարծիքով՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերը կազմակերպված են և նպատակ ունեն լռեցնելու, ճնշելու ընդդիմությանը։
Նա լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր գործիչներին ընտրած քաղաքացիներին վստահեցրեց, որ իշխանությանը չի հաջողվելու վախեցնել ու լռեցնել ընդդիմությանը։
«Հրահանգ է տրված մեզ պատժել։ Մենք ունենք պայքար, և այդ պայքարը հանուն պետության ու հանուն ժողովրդի է։ Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ՝ մեզ լռեցնելու նպատակով, դա իրենց չի հաջողվելու, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- նշեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։
Արթուր Ղազինյանն ասաց, որ միջադեպի հետևանքով նաև ինքն է վնասվածքներ ստացել։
Նա նաև նշեց, որ կքննարկեն այսօր տեղի ունեցածը, եթե առկա լինեն հանցակազմի տարրեր, պարտադիր կներկայացնեն հաղորդում հանցագործության մասին:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի դիտարկմամբ՝ այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, քանի որ Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված հիմնական առաքելությունն ու պարտականություններն ի զորու չէ կատարելու:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ժամանակ ասաց, որ այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։
Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շշեր էին նետվել, որից հետո սկսեցին իրար վրա շշեր նետել։
Խորհրդարանում մթնոլորտը երկրորդ անգամ շիկացավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։