Ադրբեջանի ԶՈւ-ի՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում՝ հույս հայտնելով, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:
«Քաղաքական առումով միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած «խաղաղության օրակարգին» հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել»,- ասաց Փաշինյանը։
«Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն, բայց մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը` խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք և առաջ տանենք»,- նշել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող, բայց հայկական կողմը որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ։
Փաշինյանը նշեց, որ Թուրքիայից խաղաղության հաստատման որոշակի ազդակներ կան, հայկական կողմը դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանի։