Հայաստանի քաղաքական և տնտեսական կայունությունն ուղղակիորեն կապված է Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի կայունության հետ, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չորեքշաբթի կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «Sputnik-Грузия»-ն:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել պարոն վարչապետին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Սա, անշուշտ, լավ հնարավորություն է Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջան սկսելու համար։ Ես ծանոթացել եմ վարչապետի նոր տեսլականին, որը կապված է նրա երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ Ղարաբաղյան պատերազմը բարդ մարտահրավեր էր տարածաշրջանի համար: «Բայց հիմա՝ ծանոթանալով վարչապետի նոր տեսլականին, ես հավատում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, որը կբերի Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցությանը։ Մեզ համար հսկայական նշանակություն ունի ինչպես Հայաստանի քաղաքական, այնպես էլ տնտեսական կայունությունը։ Եվ դա ուղղակիորեն կապված է մեր երկրի ու տարածաշրջանի կայունության հետ»,- նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ տարածաշրջանային ընդհանուր նպատակը նկարագրելու է երեք բառով՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որոնք միավորում են տարածաշրջանի բոլոր երեք երկրները: Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ կողմերը պատրաստ են քննարկել նոր համագործակցության գաղափարներն ու նոր նախագծերը:
«Աստիճանաբար մենք պետք է այս տարածաշրջանը դարձնենք նոր հնարավորությունների, զարգացման և խաղաղության տարածաշրջան, և մենք կշարունակենք աշխատել հենց այդ ուղղությամբ»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ առաջիկայում կողմերը կակտիվացնեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
«Շատ կարևոր է, որ մեր երկրներն արտահայտեն իրենց կարծիքն ու հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին։ Ես պարոն Ղարիբաշվիլիին ներկայացրի մեր կառավարության ծրագրում տարածաշրջանային հարցերի և լուծումների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև գաղափարներ, որոնք մենք ունենք։ Այստեղ նոր հնարավորություններ են, որոնք պետք է օգտագործվեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Ասուլիսի վերջում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար:
«Իհարկե, մեր մեր երկրներին, մեր ժողովուրդներին իրար կապում է դարավոր բարեկամությունը։ Եվ ես պետք է շարունակեմ պարոն Ղարիբաշվիլիի այն միտքը, որ մեր այսօրվա քննարկումների կարևոր պահն այն էր, որ մենք մեր խոսակցության մեծ մասը նվիրեցինք մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, ինչի մասին ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները մեր ժողովրդի հետ խոսել ենք վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- հայտարարել է Փաշինյանը։