Սյունիքի մարզում սեպտեմբերի 14-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մասնավորապես, փաստերը վկայում են, որ հենակետի զինված ծառայողները շարունակում են առանց իրավական հիմքերի կանգնեցնել օրինական հիմունքներով ՀՀ-ում գտնվող և միջպետական ճանապարհի այդ հատվածով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, տարբեր ստուգումներ իրականացնել: Վարորդներից անօրինական գանձում են գումարներ, ներկայացնում են անօրինական այլ պահանջներ:
Մասնավորապես, պահանջում են դիզվառելիք, հայտարարված իբր պետական մուծումներից զատ գանձում են կանգնելու համար վճար, կան ահազանգեր ՀՀ դրամով տարբեր չափի գումարներ գանձելու մասին:
Ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ:
Ադրբեջանական զինված ծառայողների այս անօրինական արարքների պատճառով ճանապարհի Որոտանի հատվածում էականորեն դանդաղել է մարդկանց ու քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, այդ պատճառով հաճախակի են դարձել խցանումները: Դրանք գնալով ավելի են ինտենսիվանում:
Նույն կերպ խաթարվել է երթևեկությունը Կապան-Տաթև ճանապարհով: Ճանապարհը լրջորեն ծանրաբեռնվել է՝ նման բեռնատարների ու ծավալի երթևեկության համար նախատեսված չլինելու պատճառով: Առկա են վթարների դեպքեր:
Խոսքը ինչպես ՀՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին է:
Որոտանի հատվածում հերթերի, խցանումների պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի: Լրջորեն բարդացել է ՀՀ քաղաքացիական բնակչության հաղորդակցությունը, այդ թվում՝ հասանելիությունը հրատապ բժշկական ծառայություններին: Նշվածից զատ, խախտվում է նաև Իրանի քաղաքացիների գործարարությամբ զբաղվելու և նրանց աշխատանքային իրավունքները: Մարդիկ կրում են էական նյութական վնասներ»,- ասված է հայտարարության մեջ: